Հայաստանի կառավարության աջակցությամբ Լոռիի մարզի գյուղական համայնքներին տրամադրվել է ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի հերթական խմբաքանակը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետության գյուղական համայնքներին սուբսիդավորման սկզբունքով, մատչելի գներով կրկին տրվել է ազոտական պարարտանյութ, դիզվառելիք եւ սերմացու:
Լոռիի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այս տարի գարնանացանի համար մարզի 85 համայնքների կտրամադրվի 2500 տոննա ազոտական պարարտանյութ, իսկ 104 համայնքների՝ 1000 տոննա դիզելային վառելիք: Մարտի 13-ին ստացվել է ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը՝ 120 տոննան, որն ամբողջությամբ բաշխվել է Կուրթան համայնքում: Բեռնափոխադրող վագոնների բեռնաթափումը եւ պարարտանյութի տեղափոխումը Կուրթան համայնք վերահսկվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի եւ վարչության աշխատակիցների կողմից: Մեկ պարկ ազոտական պարարտանյութը գյուղացիներին տրվում է 6000 դրամով, իսկ դիզելային վառելիքն արդեն բաշխվել է մարզի 30 համայնքներում 1 լիտր դիզվառելիքի համար գյուղացիները վճարում են 350 դրամ: Թե պարարտանյութը, եւ թե դիզվառելիքը համայնքներ են տեղափոխվում պետական միջոցներով:



























