Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ հերթական պայծառ միտքն արտահայտեց, թե իբր 2008-ի մարտի 1-ին «Ժառանգության» անդամները կանգնել են ժողովրդի եւ իրավապահների մեջտեղում եւ թույլ չեն տվել արյունահեղություն լինի: Այս մասին այսօր` մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴՀԿ (Լյուդմիլա Սարգսյանի թեւ) անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ որքան ցանկանում է նրան չանդրադառնա եւ հորդորում նման բաներ չասի, չի ստացվում:
«Մարտի 1-ի մասով հայտարում է, թե իր կուսակիցները կանգնել են իրավապահների եւ ժողովրդի մեջտեղում եւ թույլ չեն տվել, որ զոհերն ու վիրավորները ավելի շատ լինեն: Այդ ժառանգականները պետք է լինեին մի քանի հազար հոգի, որպեսզի կանգնեին զորքի, ժողովրդի եւ ընդդիմադիրների միջեւ: Մարտի 1-ից հետո, որ վերադարձավ Եվրոպայից, թող գնար Արարատյան թեմի Կճոյանին հարց տար, թե ինչո՞ւ, երբ վիրավորները գնում էին եկեղեցում փրկություն գտնելու, դռները փակ էին»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը եւ ավելացրեց, որ ճիշտ է, «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վիրավորվել է, բայց չի կարելի դեպքերից մի քանի տարի անց դա շահարկել:
«Մի քանի օր ծոմ է պահել, արդեն ընկերները հուշում են, թե ինչու Վեհափառը չի գնում հորդորի, որ ծոմից դուրս գա»,-ասաց նա ու շարունակեց. «Հայաստանի երեք հանրապետություննում էլ եկեղեցին ու պետությունը անկախ են եղել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու օր առաջ հերթական պայծառ միտքն արտահայտեց, իբր կաթողիկոսը ասի, թե եկեղեցին անկախ է պետությունից»:
Դիտարկմանը, թե կարծես խանդում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում, ՍԴՀԿ անդամն արձագանքեց. «Ի՞նչ ունեմ նրան խանդելու կամ չխանդելու, երբ Սերժին անվանում է Արցախի հերոս եւ այլն եւ այլն»:
Անդրադառնալով ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանին, նա ասաց, որ Շուշան Պետրոսյանն ավելի ազնիվ է իր արտահայտություններում, քանի որ ասում է Սերժ Սարգսյանը հինգ տարում փորձեց աշխատել, բայց չստացվեց, այնինչ, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը իր տձեւ ելույթներով ոչ մի բան չի ասում իշխանություններին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























