2012թ. Հայաստանի ԱԻՆ-ի 911 թեժ գծով 1 մլն 305 հազար կանչ է ստացվել: Այդ մասին հայտնել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի տնօրեն Հովհաննես Խանգելդյանը այսօր՝ մարտի 14-ի մամուլի ասուլիսում:
ՃԿԿ-ի տնօրենի խոսքով՝ զանգերի մեծ մասը կենցաղային բնույթի են եղել: Մի դեպքում քամին լվացքի պարաանն այնպես էր ոլորել, որ հագուստը մեկ շաբաթ փռած էր մնացել: Հուսահատ քաղաքացին փրկարարների էր հրավիրել: Մեկ այլ դեպքում օգնել էին փակել պատուհանը: «Նման դեպքերը շատ են: Հաճախ ահազանգ ենք ստանում խողովակներում մնացած կենդանիների մասին: Մեզ համար չկան կարեւոր եւ երկրորդական կանչեր, այն ամենը, ինչն անհանգստացնում է բնակիչներին, մեզ համար կարեւոր է»,- ընդգծել է Հովհաննես Խանգելդյանը: Ընթացիկ տարվա սկզբից 911 թեժ գծով արդեն մոտ 200 կանչ է ստացվել:
ՃԿԿ-ի տնօրենը նաեւ հայտնել է, որ փրկարարների շնորհիվ 2012թ. ինքնասպանության երեք դեպք է կանխվել: Երկու դեպքերում պոտենցյալ ինքնասպանները ԱԻՆ օպերատորի հետ զրույցի ընթացքում փոշմանել էին, երրորդին հաջողվել էր կապի մեջ պահել մինչեւ փրկարարների ժամանումը: «Մեր աշխատակիցները հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ընկճախտում գտնվող մարդկանց հետ աշխատելու հատուկ պատրաստականություն են անցնում», - նշել է Հովհաննես Խանգելդյանը:



























