Առեւտրային բանկերն աշխատում են 3-4 գնահատողների հետ, որոնք որպես կանոն գրավադրվող գույքը ցածր են գնահատում: Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ՝ Համաշխարհային բանկից ստացել են առաջարկություններ՝ ֆինանսական միջոցները ավելի մատչելի դարձնելու վերաբերյալ, ու կետերից մեկը վերաբերում է գույքի գնահատմանը: «Միեւնույն գույքը տարբեր գնահատողներ գնահաում են էական տարբերություններով; Առեւտրային բանկերը չպետք է աշխատեն 1-2 գնահատողների հետ: Եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, բայց աշխատում են 1-2-ի հետ, արդեն մրցակցություն չկա, գնահատման օբյեկտիվությունը կորչում է, քանի որ առեւտրային բանկը ի սկզբանե պահանջ է դնում խիստ գնահատել՝ ռիսկերը նվազեցնելու համար»,- ասաց Տ. Սարգսյանը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանը խոստացավ հարցը ուսումնասիրել ու ներկայացնել առաջարկություններ:

ՀՀ վարչապետը հանձնարարեց նաեւ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանին՝ ուսումնասիրել, թե արդյո՞ք մրցակցություն կա այդ շուկայում, բոլորն ունե՞ն ազատ մուտք, թե՞ գոյություն ունեն պայմանավորվածություններ ու մրցակցության սահմանափակում: