Մոսկվայի քաղաքային դատարանը հայ դպրոցական Էդիկ Մարկարյանի սպանության գործով հանցակազմ չի գտել: Սպանված տղայի մայրը՝ Ալլա Մարկարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախօրեին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավորները պաշտպանել են հանցակազմի բացակայության պատճառով գործը դադարեցնելու մասին քննիչի կայացրած որոշումը: Սա դատարանի նմանատիպ առաջին որոշումը չէ այդ գործով:

«Ես չեմ պատրաստվում թեւաթափ լինել, ես կհասնեմ արդարադատության եւ մեղավորին պատժի ենթարկելուն»,-ընդգծեց Ալլա Մարկարյանը:

Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:

Անցած տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած սթրեսային իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: