Աստրախանում պատանդ վերցված չորս անձինք ազատ են արձակվել: Պատանդառուն ձերբակալվել է ոստիկանության կողմից: Վոլգո-կասպիական ձկնարդյունաբերական քոլեջի տարածքից հանել են շրջափակումը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին զինված տղամարդը պատանդ էր վերցրել դասախոսին, պահակին ու երկու աղջիկների: Սկզբից նա պիցցա եւ «Սպրայտ» էր ուզել, ապա ազատել անգլերենի դասախոս Ելենա Շապոշնիկովային:

Կես ժամ անց ոստիկաններն ազատել են մյուսներին եւս: Ընդ որում, պարզվել է, որ աղջիկներից մեկը հանցագործի հանցակիցն է, եւ ազատման ժամանակ դիմադրել է: Այժմ կասկածյալն ու աղջիկը ցուցմունք են տալիս: Ռումբը, որով նրանք սպառնում էին, չեն գտել, փոխարենը ռումբի խաղալիք մակետ է եղել:

«Ինտերֆաքսը» նշում է, թե չարագործը Աստրախանի բնակիչ, 26-ամյա Ալեքսանդր Կապցովն է, ով, ըստ որոշ տվյալների, թմրակախվածություն ունի եւ նախկինում դատվել է գողության համար: Պարզվել է, որ ատրճանակը ոչ թե մարտական է եղել, այլ խաղալիք: