Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 14-ին մերժել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը եւ անփոփոխ է թողել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը` նախագահի ընտրության վերաբերյալ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
ՍԴ-ն սահմանել է.
1. Ուժ մեջ թողնել ԿԸՀ փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը` «Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության վերաբերյալ»:
2. Հայաստանի Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ կետի համաձայն, որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահին:
Հիշեցնենք, որ հայցերի քննարկումը սկսվել էր մարտի 11-ին եւ տեւել 3 օր: Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում են փաստաբան Կարեն Մեժլումյանը եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Իսկ Անդրիաս Ղուկասյանն ինքն է ներկայացնում իր հայցադիմումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես պատասխանող կողմ ներգրավված են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը, եւ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը:
Գործող նախագահի շահերը ՍԴ-ում ներկայացնում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել էին ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: Այսօր դիմումի քննարկման վերջնաժամկետն էր:



























