Թուրքիայի Ադանա քաղաքում գողության զավեշտալի դեպք է գրանցվել։ Հանցագործը տունը թալանելուց հետո տանտիրուհուն խնդրել է իր համար ճաշ պատրաստել, քանի որ սոված է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ադանայի բնակարաններից մեկը մտած հանցագործը քնած վիճակում գտնվող 54-ամյա տանտիրուհուն արթնացրել է՝ բռնությամբ վերցրել նրա զարդերը եւ պահանջել իրեն հանձնել տանը պահած գումարները։ Տանտիրուհին վստահեցրել է, որ տան մեջ գումար չկա, ինչից հետո հանցագործն ասել է, որ ինքը սոված է եւ խնդրել, որ տանտիրուհին իր համար ճաշ պատրաստի։

Տանտիրուհին սառնարանից բերել է նոր գնված տորթ եւ կարկանդակներ։ Հանցագործը կարկանդակների մի մասը տան մեջ է կերել, մնացածը ոսկու հետ միասին դրել պայուսակի մեջ եւ հեռացել։

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին, քանի որ վերջինս տնից հեռանալիս ճանապարհին գցել էր բջջային հեռախոսը, որի միջոցով հայտնաբերել են նրան։