Իրավապահ մարմինների կողմից անցկացված փորձաքննության արդյունքերով Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում նախնական վարկածով մանկական կերից մահացած նորածիններ Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան պատճառը մանկական կերը չի եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վաղարշապատի քննչական բաժնից: Միաժամանակ դեռ չեն կարող ասել, թե որն է երեխաների մահվան պատճառը:
Նորածինների հայրը՝ Վաղինակ Վարդանյանն էլ ասաց, որ մինչեւ անձամբ գործով քննիչների հետ չխոսի, այս պահին ոչինչ չի կարող ասել: Դիտարկմանը, թե ինչպես է, որ կերից միայն իրենց երեխաներն էին թունավորվել ասաց, որ միայն իրենցը չեն: «Ասում են, որ այլ երեխաներ էլ են թունավորվել, բայց մանրամասներին տեղյակ չեմ: Բայց, բարեբախտաբար, նրանց կյանքը հնարավոր է եղել փրկել»,- ավելացրեց Վաղինակ Վարդանյանը: Սակայն, թե Վաղարշապատի հիվանդանոցից, թե քննչական բաժնից ասացին, որ իրենց նման դեպքերի մասին տեղեկություններ չունեն:
Տեղեկացրել էինք նաեւ, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննության արդյուքներով պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են եւ երեխաների առողջության վրա որեւէ բացասական հետեւանք ունենալ չեն կարող: Այս մասին հայտնել էին Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ինչպես նաեւ փոխանցել էին, որ երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են: Փորձաքննության ավարտից հետո վերջնական արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիր մարզի Առատաշեն գյուղում մահացած նորածին Մերի եւ Մարիամ Վարդանյանները մինչեւ մահանալը շատ առողջ են եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել երեխաների մոր հայրական տանը, երբ վերջինս երեխաների հետ «դարձ» է գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Առատաշեն համայնքի ղեկավար` Վահրամ Հարությունյանը: Գյուղապետը պատմել էր, որ նորածինների ծնողները 4 տարի է, ինչ ամուսնացած են եւ ունեին երեք աղջիկ: Մեծ աղջիկը արդեն 3 տարեկան է: Ընտանիքը սոցիալապես անապահով է եւ հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում: Տեղեկացրել էինք նաեւ, որ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) եւ ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաեւ չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության։ Նախնական տեղեկություններով` չոր կաթը եղել է «Նեստոժեն» ֆիրմայի արտադրանք: Նրանց մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով էլ նորածինների մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մանկական կերից թունավորվելու վարկածը եւս դեռ միանշանակ չէ, այլ ծնողների վարկածն է: Ներկա պահին ծանրակշիռ վարկած չկա: Բոլոր ուղղություններով փորձաքննություններ են նշանակվել եւ կատարվում է նախաքննություն:



























