Զորամասում մաքրության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ պետ հանդիսացող 24-ամյա Վահան Հարությունյանն իր ենթակային գլուխը դեմքով հարվածել է մահճակալին: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 24-ամյա Վահան Հարությունյանը ծառայելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասում, որպես 1-ին գումարտակի ծանր զենքի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ հանդիսանալով պետ, անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը:
Նա իր անձի թվացյալ գերակայությունն ի ցույց դնելու եւ որպես պետ ինքնահաստատվելու նպատակով, մաքրության աշխատանքների կատարման շուրջ վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն վաշտի 3-րդ դասակի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեւոն Հակոբյանի հետ եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ: Հարությունյանն ուժգին քաշել է վերջինիս օձիքից դեպի ներքեւ, ինչի հետեւանքով Լ. Հակոբյանը դեմքով հարվածել է մահճակալի երկաթյա ձողին, դրա հետեւանքով էլ Լ. Հակոբյանին պատճառվել է քթի մեջքի արյունազեղման, ձախ ստորին կոպի շրջանի արյունահավաքի, քթոսկրերի տեղաշարժող կոտրվածքի ձեւով առողջության միջին վնաս, առողջության տեւական քայքայումով, որը դիտվում է որպես էական վնաս:
Քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Դատական քննությունը նշանակվել է մարտի 19-ին:



























