Խակասիայի մայրաքաղաք Աբականում յոթնամյա տղա է զոհվել: Երեխայի վրա են ընկել ֆուտբոլի դարպասները: Ատակարգ պատահարը տեղի է ունեցել մարտի 14-ին` «Աբական» մարզահամալիրում:
Խաղասրահում երեխաները մինի ֆուտբոլի պարապմունքներ էին անցկացնում: Երեխան գնդակը դարպասներից հանելիս` խճճվել է ցանցում, հարկ եղած կերպով չամրացված դարպասներն ընկել են տղայի վրա: Գանգուղեղային բաց վնասվածքով դպրոցականին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն տղային չի հաջողվել փրկել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այժմ հետաքննությունը պարզում է այն մարդկանց ինքնությունը, այդ թվում նաեւ «Աբական» մարզահամալիրի ղեկավարության աշխատակիցների, որոնց պարտականությունն է եղել մարզասրահում երեխաների անվտանգության վերահսկումը:




























