Մարտի 14-ի լույս 15-ի գիշերը «Ժառանգության» առաջնորդ, հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերը անցկացրել է վրանանման ծածկի տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ գիշերը անցել է նորմալ, հանգիստ` առանց միջադեպերի: «Ծածկոցը հարմարեցրել ենք եւ ավելի լավ է ստացվել, քան վրանը»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ ոստիկանները չեն խոչընդոտել:
«Ժառանգության» ներկայացուցիչը հիշեցրեց, որ իրենք անձրեւանոց տեղադրելու թույլտվություն ունեին, իսկ երեկ դիմել են քաղաքապետարան` խոտածածկ տարածքում վրան տեղադրելու համար, որն ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 10-ից հացադուլի մեջ է: Երեկ Ազատության հրապարակում «Ժառանգության» ներկայացուցիչների եւ ոտսիկանների միջեւ վիճաբանություն, հրմշտոց եղավ, նրանք թույլ չէին տալիս վերջիններիս վրան տեղադրել: Բանն այն է, որ օպերայի տարածքը համարվում է պատմամշակութային համալիր, որտեղ վրան տեղադրելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն: Երեւանի քաղաքապետարանը մերժել էր «Ժառանգությանը»` թույլ չտալով վրան տեղադրել, բայց թույլատրել էին անձրեւանոց տեղադրել:




























