Դեռեւս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը: Այս մասին նշված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցի բնապահպանության նախարարության ոլորտին վերաբերող հատվածում:

Բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետեւյալ  թերացումները.

Առկա էին բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված` Նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը եւ փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ:

Ստացվել են բնապահպանական մի շարք ոլորտներին վերաբերող բազմաթիվ դիմում-բողոքներ` ծառահատումների, մթնոլորտային օդի աղտոտվածության, գետերում ջրերի եւ/կամ ձկների թունավորման, ապօրինի որսի եւ փայտանյութի առգրավման, վտանգավոր նյութերի եւ թափոնների, թունավոր արտանետումների հետ կապված:

Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը:

Պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել ՀԷԿ-երից ջրառի վերաբերյալ առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետեւողական քաղաքականություն:

Խիստ մտահոգիչ էին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետեւանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը:

Շարունակում է չլուծված մնալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափանիշների մշակման, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հասցված վնասի հայտնաբերման եւ օրինախախտների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառման խնդիրը:

Դեռեւս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից:

Մտահոգության տեղիք է տալիս, որ Նախարարությունը մինչ օրս նախաձեռնողական մոտեցում չի ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող տարածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու հարցում`  արգելոցներում որսի դեպքերը բացահայտելու եւ պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

Շարունակում է չլուծված մնալ ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ պատշաճ հանրային քննարկումների կազմակերպան խնդիրը, որի հետեւանքով հանրության մասնակցությունը հաճախ ձեւական բնույթ է կրել:

Արձանագրված դրական զարգացումները

Միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ուղղությամբ:

Իրականացվել է բնապահպանական պետական տեսուչներին պաշտոնում նշանակելու հստակ չափորոշիչների մշակում՝ համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի:

Միջոցներ են ձեռնարկվել համապատասխանեցնելու օրենսդրությունը Օրհուսի կոնվենցիայի դրույթներին: