«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով 2013թ.-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 71.8 հազար, որից 50.6 հազարը կանայք են, 18.5 հազարը` երիտասարդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գործակալությունից: Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.3%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85.0%-ը, կամ 61.1 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 9.0%-ով: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.7%-ը, իսկ երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7%-ը:
2013թ. մարտի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 10452 գործազուրկ, որոնցից 7041-ը կանայք են, 1563-ը` երիտասարդ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 30.1 %-ով (13.6հազ. մարդ): 2013թ. մարտի 1-ի դրությամբ աշխատանքի են ընդունվել 1570 աշխատանք փնտրող, որից 994 կին, 461-ը երիտասարդ: Աշխատանքի տեղավորման հարցում լուրջ դժվարություններ ունեն 30-50 եւ հատկապես 50-ից բարձր տարիքի անձիք, որոնք երկարատեւ գործազրկության հետեւանքով կորցրել են իրենց որակավորումը եւ աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է նրանց ընդգրկել մասնագիտական ուսուցման դասընթացներում: Նրանցից շատերն էլ աշխատանքի անցնելու համար կարիք ունեն նաեւ հոգեբանական աջակցության: Փետրվար ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2185 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 19.9%-ով (1822 աշխատատեղ): Թափուր աշխատատեղերից 1072-ը բանվորական է, իսկ 1113-ը` ծառայողական: Փետրվար ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից լրացվել է 272-ը, իսկ թափուր աշխատատեղերից 1333-ը կրկնվող են, դրանք կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության եւ ցածր աշխատավարձի պատճառով:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բժիշկների (մարզերում), ծրագրավորողների, տնտեսագետների, հաշվապահների, դասավանդողների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, սարքավորումների եւ համակարգչային օպերատորների, բուժքույրերի, գանձապահների, ավտովերանորոգողների, համակարգչային օպերատորների, էլեկտրիկների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, հղկողների եւ բանվորական այլ մասնագիտությունները:



























