Ամուսինը կնոջ, երեխայի եւ իր վրա բենզին է լցրել ու այրել՝ վախենալով, որ կինը կլքի իրեն: Տուժել է նաեւ քենին: Բոլոր չորսը ծանր այրվածքներով հիվանդանոցում են:
Դեպքը կատարվել է մարտի 15-ին Ռոստովում. 33-ամյա Վլադիմիր Պ.-ն կնոջ հետ վիճելուց հետո մեկ շաբաթով հեռացել է տնից: Այդ օրերի ընթացքում տղամարդը համոզված է եղել, որ կինը կլքի իրեն ու ուրիշի կգտնի:
Մարտի 15-ի առավոտյան ռոստովցին ներխուժել է բնակարան՝ բենզինի կանիստրը ձեռքին, բենզինը տարածել է բնակարանում, մի մասն էլ լցրել ներսում գտնվողների վրա՝ 26-ամյա կնոջ՝ Օքսանա Պ.-ի, նրա ավագ քրոջ՝ Հաննա Ն.-ի, անգամ մեկամյա տղայի:
Դրանից հետո Վլադիմիրը վառել է լուցկին, բնակարանը միանգամից բռնկվել է: Օքսանային հաջողվել է հանգցնել երեխայի մարմնի կրակը, գրկել է նրան եւ դուրս վազել՝ օգնություն աղերսելով, գրում է LifeNews-ը:
Հարեւանները ոստիկանություն են զանգահարել: Օքսանա Պ.-ն եւ Հաննա Ն.-ն այրվածքներով տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Երեխան վերակենդանացման բաժանմունքում է: Լուրջ այրվածքներ է ստացել նաեւ հրկիզողը:




























