Մարտի 18-ին Երեւանի Կենտրոնի դատարանում կշարունակվի Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվի քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Նույն անձն, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու եւ գումարները յուրացնելու մեջ:
Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը», որում նաեւ ասվում է.
«Թե ինչ դերակատարում է ունեցել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում հենց Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գեւորգ Գյուլխասյանը:
Կոնկրետ Վլադիսլավ Մանգասարյանի մասով տուժող Լուսինե Գյուլխասյանը նախորդ դատին նշեց հետեւյալը. «2009-10 թվականներին բնակարանի սեփականության վկայականը ստանալու վերաբերյալ հարցադրումներ արել ենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ Էդուարդ Եսայանին, բայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտար` բնակարան ստանալու, մեկ ու կես ժամ սպասեցի, նա չեկավ, զանգեցի, չպատասխանեց: Նոտար չգալուց հետո սկսեցի կասկածել: Վլադի հետ ի վերջո խոսեցի, ասաց թե` մի քիչ խնդիրներ կան, պետք է համբերեմ»:
Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչեւ նոյեմբերի վերջ իր հոր հետ պարբերաբար զանգել են թե’ Վլ.Մանգասարյանին, թե’ ընկերության մյուս սեփականատեր Ղեւոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու. «Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր, թե «տունը իմ եղբոր անունով է, հանգիստ եղեք, խնդիր չկա, ուղղակի մի քիչ կձգվի»:
Սակայն 2010թ. նոյեմբեր ամսին Գյուլխասյանի գրասենյակ է գալիս մի մարդ եւ ներկայանում որպես Արմեն Գալստյան եւ հայտնում բնակարանի տերն ինքն է:
«Վլադը քողարկում էր եւ ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Ի միջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել»,- իր ցուցմունքում պատմեց Գեւորգ Գյուլխասյանը:
Գեւորգ Գյուլխասյանը վրդովված դատարանում անգամ հետեւյալ հայտարարությունն արեց. «Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է»:
Ըստ տուժողի եւ վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:
Հետաքրքիր է, թե իր դեմ ներկայացված այսքան հիմնավոր փաստերի դեմ ինչ պարզաբանում է տալու հենց ինքը` Վլադիսլավ Մանգասարյանը:
Ի դեպ «Հետք»-ին տված 30.01.2013թ. հարցազրույցի ժամանակ Մանգասարյանն անդրադարձել է Գյուլխասյանի գործին եւ առաջադրված մեղադրանքի մասին հեգնանքով նշել, որ քննիչը սխալ ուղղությամբ է գործը քննել ու մեղադրանք առաջադրել. «գողություն է տեղի ունեցել, 2 րոպեում կպաշտպանեմ ու Եսայանը չոր դուրս կգա»:
Չի բացառվում, որ երկուշաբթի օրը դատարանում Վլադիսլավ Մանգասարյանը անձամբ որպես զոհ ներկայանա եւ «բարերարի» դեմքով հերթական անգամ տուժողին իր «օգնությունն» առաջարկի:
Ի գիտություն հենց Վլադիսլավ Մանգասարյանի` իր դեմ եղած բոլոր մնացած փաստերից առանձնացնենք կարեւորը, տեսնենք, թե ինչպես կպարզաբանի նա դատարանում: Մասնավորապես այն հանգամանքը, որ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի` իր եղբայր Ռուբեն Մանգասարյանին օտարելու գործարքի թույլտվությունն ու հրահանգը, 18.06.2010թ. գրավի պայմանագրով ունեցած իրավունքով, տվել է հենց ինքը` «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տարածքների գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր եւ միեւնույն ժամանակ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության փաստացի ղեկավար Վլադիսլավ Մանգասարյանը: Այս մասին դատարանում մի շատ ուշագրավ հայտարարություն կատարեց նաեւ տուժողի հայր, վկա Գեւորգ Գյուլխասյանը. «Արին կապիտալ» ներդրումային ընկերության կնիքն էլ է Վլադի մոտ եղել`նրա սեյֆում: Իմ աչքով եմ տեսել»,- ասաց նա»:




























