«Հումորով եմ վերաբերում այդ, վերապահումով ասած, «մասնագետի» հայտարարություններին»,-նման հայտարարություն այսօր` մարտի 15-ին արեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ բանավիճելու հարցին:
«Հրավիրել եմ բանավեճի, 2 պաշտոնական հրավեր է եղել, երկուսից էլ խուսափել է: Հույս ունեմ` կվերագտնի համարձակությունը` նստելու եւ քննարկելու զուտ մասնագիտական խնդիրներ: Ինձ չի հետաքրքրում քաղաքական գործիչը, ինձ հետաքրքրում է մասնագետը»,- ասաց Թ. Մանասերյանը, նշելով, որ բանավեճին կարող են մասնակցել նաեւ այլ տնտեսագետներ եւս:
Նրա տեղեկացմամբ` «Արմնյուզ» եւ Հ1 հեռուստաընկերությունները պատրաստակամություն են հայտնել կազմակերպել բանավեճը: «Բագրատյանը չպետք է մեծ-մեծ հայտարարություններ անի, եւ պետք է հաշվի նստի իր կոլեգաների հետ»,-եզրափակեց Թ. Մանասերյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























