Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում կրկին ընդգրկվել է ՀՀԿ համամասնական ցուցակում: Այս մասին այսօր` մարտի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ Լեւոն Իգիթյանը:
Խոսելով այդ ընտրություններից սպասելիքների մասին, նա դժգոհություն հայտնեց, որ քաղաքական ուժերը գերագնահատում են իրենց՝ հայտ ներկայացնելով ընտրություններում: «Պատկերացրեք աշխարհի ծանրամարտի առաջնություն է, չեն ասի՞ մի հատ փորձի, տես կարող ես, նոր գնա: Կամ, որ ասում ես Քոչարից լավ արվեստագետ ես, դե ապացուցի: Հիմա, որ ես ասեմ ես լավ գինեկոլոգ եմ, կգաք բուժվելո՞ւ»,- ասաց Լեւոն Իգիթյանը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, նա նշեց, որ մի փոքր ավելի բարդ կլինի ՀՀԿ-ին հավաքել նախորդ ընտրությունների տոկոսները: Ըստ նրա՝ հետաքրքրությունը ավելի շատ կլինի պարտիզանական այս կամ այն ջոկատների նկատմամբ: «Ինձ համար ահավոր վիրավորական ա, որ 5 հազար տարվա պառավ ժողովուրդն այդքան արհավիրք տեսնելով թամաշա է սարքում»,- ասաց Լեւոն Իգիթյանը՝ նկատի ունենալով հանրահավաքները, հացադուլները եւ այլն:
Նա համարում է, որ Սերժ Սարգսյանը հաղթել է եւ ուրիշի կարծիքն իրեն չի հետաքրքրում, ինչպես իրենը՝ շատերին:



























