Բլոգեր եւ լուսանկարիչ Դմիտրի Ալեշկովսկին մարտի 15-ի երեկոյան ձերբակալվել է Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ԼԳՏՊ ակտիվիստներ Յուրի Գավրիկովի եւ Սերգեյ Գուբանովի հետ:

Բլոգերին սպառնում է 15 օրվա կալանք «ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար»,  թեեւ նա Twitter-ում կատարվածը նկարագրել է որպես չպատճառաբանված ձերբակալություն: «Փաստորեն, ես առաջին մարդն եմ, որին գիշերը պահել են ԿՊԶ-ում, մերկացրել, սպառնացել, եւ դատում են օդանավակայանում հարցազրույց տալու համար», - գրել է Միտյա Ալեշկեվսկին դատարանի ճանապարհին:

Իրավապաշտպան Դինար Իդրիսովը BBC-ի ռուսական ծառայության հարցազրույցում օդանավակայանի անվտանգության աշխատակիցների նման զգոնությունը կապել է Պետերբուրգի օդանավակայան  «առաջին դեմքերի» ժամանման հետ:

Ձերբակալությունը տեղի է ունեցել, երբ Ալեշկովսկին խոսում էր ԼԳՏՊ պորտալի ներկայացուցիչների հետ: «Մեզ "Պուլկովոյում" բռնեցին, քանի որ ես հարցազրույց էի տալիս ԼԳՏՊ կայքին: Վախեցնում են: Մեղադրում են անօրինական  նկարահանման մեջ: Հրավիրեցին վկաների: Բաց թողեցի  Մոսկվայի չվերթը», - գրել է Ալեշկովսկին Facebook-ում:

Ըստ gazeta.ru-ի՝ բլոգերը մտադիր է նյութական եւ բարոյական վնասի  փոխհատուցում ստանալ, քանի որ օդանավն առանց իրեն է Մոսկվա մեկնել: Ալեշկովսկին Պետերբուրգ էր ժամանել սեռական փոքրամասնություններին նվիրված իր նոր նախագծի շրջանակներում բրիտանացի դերասան Սթիվեն Ֆրայի եւ ԼԳՏՊ համայնքի ակտիվիստների հետ հանդիպման համար:

Օդանավակայանում ձերբակալվածների խուզարկման ժամանակ նրանց մերկացրել են, հայտնել է Ալեշկովսկին Twitter-ում:

Ալեշկովսկին հայտնի ֆոտոլրագրող է եւ բլոգեր, նա նաեւ կամավորական «Անհրաժեշտ է օգնություն» կազմակերպության հիմնադիրն է: Հունվարի կեսին Ալեշկովսկին ներկա է գտնվել Ռուսաստանի ՔԿ-ի հարցաքննությանը՝ անցյալ տարի մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակի իրադարձությունների գործով: