Անհրաժեշտ է խոստովանել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց հերթական անգամ արթնացնել հայ ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

«Ժողովուրդը գտնվում էր անհույս իրավիճակում, նկատվում էր արտագաղթի աճ, մարդիկ լքում էին երկիրը, թվում էր, թե այդպես էլ պետք է շարունակվի: Բայց լուծվեց կարեւոր խնդիր, որում, անկասկած, պետք է ընդգծել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի դրական դերակատարումը: Նրան օգնեց ոչ այնքան խիստ դիրքորոշումը, ինչպես նաեւ գործունեության ձեւը»,-ասաց նա:

Մանուչարյանի խոսքով՝ ներկայումս մեր երկիրը հերթական վերածննդի փուլում է: «Կա եւս մեկ դրական կողմ. չի կարելի պնդել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ գործընթացի միանշանակ առաջնորդն է, այդպիսի իրավիճակ չկա: Այդ տեսանկյունից ինչ-որ առումով կրկնվում է 2008 թվականը, երբ շատերը չէին պաշտպանում Լեւոն Տեր-Պետրոսյանին, թեեւ իրենք կատարած քայլերի արդյունքում նույնիսկ գաղափարական հակառակորդներն սկսեցին մտածել ու գործել, որպեսզի երկիրը կարգի բերվի»,-ընդգծեց Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ ստեղծված դինամիկ իրավիճակը մեծ հեռանկարներ է խոստանում:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am