Հայաստանում ադրբեջանցի գերիների հետ իբրեւ թե «վատ վերաբերվելու» մասին ադրբեջանցի  գործչի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հերթական ապատեղեկատվությունն են: Այս մասին նշել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝  NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Էխո» թերթի հրապարակումը: Ըստ հրապարակման՝ Բաքվին  «հարյուրավոր դեպքեր են հայտնի, երբ հայերը ծաղրել են ադրբեջանցի գերիներին»:

«Դա ադրբեջանցի պաշտոնյաների կողմից տարածվող ապուշության հերթական դրսեւորումն է: Իրերի իրական վիճակի մասին տեղյակ են միջազգային բոլոր լիազորված կազմակերպությունները՝ առաջին հերթին Կարմի խաչի միջազգային կոմիտեն, հայտնի է, թե  վիճակն ինչպիսին է այստեղ, եւ ինչպիսին՝ Ադրբեջանում: Ադրբեջանցի «փորձագետի» տվյալ պնդումը մերկապարանոց հայտարարություն է», - նշել է Արմեն Կապրիելյանը: Աշխատանքային խմբի ղեկավարն ընդգծել է փաստերով, այլ ոչ թե զգացմունքներով գործելու անհրաժեշտությունը, հատկապես նման նուրբ  հարցերում: «Ավելի քան վստահ եմ, որ ադրբեջանցիները փաստերի ակնարկ անգամ եթե ունենային, անմիջապես կդիմեին միջազգային կառույցներին: Իսկ նման դիմումների բացակայությունը միայն ապացուցում է, որ սեփական անհիմն պնդումների ոչ մի ապացույց էլ նրանք չունեն», - եզրակացրել է Արմեն Կապրիելյանը: