Մարտի 15-ը աշխարհում նշվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օր: Այս տոնի հիմնադրման հիմք է հանդիսանում 1961 թ. ԱՄՆ-ի կոնգրեսում պրեզիդենտ Ջոն Քենեդու ելույթը, որում սահմանվել է սպառողների չորս հիմնական իրավունքները՝ անվտանգության, տեղեկության, ընտրության եւ լսված լինելու իրավունքները:

Հետագայում եւս չորս իրավունք ձեւակերպվեց` վնասի փոխհատուցում, սպառողական կրթվածություն, սպառողի հիմնական պահանջների բավարարում եւ առողջ շրջակա միջավայրի իրավունք։ Առաջին անգամ տոնը պաշտոնապես նշեցին 1983 թ., երբ մարտի 15-ը արձանագրվեց  միջազգային տոների օրացույցում` որպես սպառողների շահերի պաշտպանության համաշխարհային օր։

Հայաստանում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2002թ. հունվարին:

Հայաստանի Հանրապետության 2005 թվականին փոփոխված Սահմանադրությամբ ընդգծվեց, որ սպառողը պաշտպանվում է պետության կողմից (ՀՀ Սահմանադրություն, գլուխ 2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները, հոդված 31.1) :