Այսօր աշխարհում ամենաբարձր տեղում «Տնտեսական մարդն է», Հայաստանում եւս նա է իշխում: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Տնտեսական մարդը զավթել է բոլոր բնագավառները: Նա ղեկավարում է հոգեւոր, ռազմական ոլորտները: Հայաստանում ամենամեծ ընկերությունը «Հայաստանն» է, որը գերշահույթներ է ստանում: Հիմնական հարցն այն է՝ կշարունակի՞ արդյոք Հայաստանը առաջնորդվել «տնտեսական մարդու» շահերով, թե՞ մենք կլուծենք գոյություն ունեցող խնդիրը: Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրի քաղաքական դաշտում, տնտեսական լծակների վերաբաշխում է», - նշել է Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է դիմել քաղաքական կառավարման միանգամայն այլ սկզբունքների:
Ի պատասխան վարչապետի հնարավոր փոխարինման մասին հարցին, նա ընդգծել է, որ այսպես կոչված «հավերժներից է»: Մանուչարյանը չի կարծում, թե որեւէ շրջադաձային փոփոխություն տեղի կունենա, չնայած կարող են լինել փոփոխություններ նաեւ «հավերժական» հարցերում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























