Աբովյանի ծննդատանը նորածին երեխային սպանած 27-ամյա կինը դուրս է գրվել հիվանդանոցից եւ գնացել տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանը:

Նրա հետեւից եկել էր մայրը: Կինը հայտնել էր, թե Աբովյանում վարձով տանը ապրում է մոր հետ: Տնօրենը պատմեց, որ եթե միջադեպից հետո կինն իրեն այնպես էր պահում, կարծես ոչինչ էլ չէր եղել, ապա վերջին օրերին նա փոխվել էր, սկսել էր զղջալ արարքի համար: 27-ամյա կինը պատմել է, որ երբ գալիս էր ծննդատուն, գիտեր, որ այդ երեխային չէր ցանկանում, բայց այդ պահին չէր գիտակցում` ինչ էր անում:

Նա նշել է, որ երեխան իր նախկին ամուսնուց էր, սակայն ինքն այդ երեխային չէր ցանկանում, քանի որ տուն չուներ, ապրում էր վարձով, աշխատանք չուներ, ամուսնալուծված էր: «Սկսել էր գիտակցել` ինչ է արել, իսկ մինչեւ այդ տպավորություն չկար, թե անհանգստանում է իր արածի համար: Երեկ երեկոյից ծանր էր տանում, անընդհատ լաց էր լինում` էս ինչ եմ ես արել, ես ամբողջ կյանքս ինչպես եմ ապրելու, նոր եմ հասկացել` ինչ եմ արել»,- պատմեց Լարիսա Մադոյանը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Աբովյանի ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Նրանք դեպքի մասին ահազանգել են Ոստիկանության Աբովյանի բաժնի, որտեղ կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Ըստ այդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նորածնին սպանելու մեջ կասկածվող 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին: