«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը վիրահատությունից հետո դեռ ապաքինվում է, սակայն դեռ չի կարողացել գնալ Ազատության հրապարակ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հետեւում է գործընթացներին, ժողովրդի կողքին է, նրանից չի հեռացել:
«Հետեւում եմ, շատ բանի եմ հետեւում»,- նշեց նա` չցանկանալով գնահատական տալ հետընտրական զարգացումների ներկա ընթացքին:
Սասուն Միքայելյանը նշեց, որ այս ամենին իր գնահատականը կտա ժողովուրդը եւ ժամանակը: Իսկ թե այս փուլում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլ հայտարարելը ճիշտ էր, թե ոչ, նա պատասխանեց, որ եթե ինքը ճիշտ է գտել, ինքը ոչինչ չի կարող ասել:
Ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ էլ նշեց, որ չի ձգտում նման բանի: Հարցին, թե ՀԱԿ-ից առաջարկ չի եղել իրենց ցուցակում ընդգրկվելու, նա պատասխանեց. «Առաջարկ լինի, չլինի էլի, այդ մասին չեմ մտածել, չեմ էլ ուզում մտածել ընդհանրապես: Իմ նպատակը հո ավագանու անդամ լինելը չէ՞, իմ նպատակը ազատ, անկախ, ժողովրդավարական Հայաստան տեսնելն է»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























