«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 15-ին տեղի ունեցավ ներդրումային ծառայություններ մատուցողների ամենամյա մրցանակաբաշխությունը: Այն արդեն անց է կացվում երրորդ անգամ, նպատակ ունի խրախուսել այն ընկերություններին, որոնք ակտիվ են եւ հավատարիմ մասնագիտական էթիկայի կանոններին: Նշենք, որ ներդրումային ծառայություններ մատուցում են բանկերն ու ներդրումային ընկերությունները:

«Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արարատբանկը»:

Արտարժույթի շուկայի լավագույն անդամ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց «Ամերիաբանկը»:

Պետական պարտատոմսերի շուկայում (անվանակարգը առանձնացվել է առաջին անգամ) առաջին մրցանակը տրվեց «Արարատբանկին»:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում հաղթող ճանաչվեց «Արմենբրոք» ներդրումային ընկերությունը:

Բորսայի լավագույն անդամ ճանաչվեց «Արարատբանկը»: Այս մրցանակը տրվում է այն մասնակցին, որն ակտիվ է բոլոր հարթակներում՝ որպես թողարկող, ներդրող, մասնակից: