Դեղին համարանիշներով տաքսիները տարբերելն ավելի հարմար է, քան դիմապակուն փակցրած կտրոնով: Այս մասին հայտնել են տաքսիստները, ովքեր լրագրողների հետ հանդիպման էին եկել «Քաղաքացիական դիրքորոշում» հկ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանի գլխավորությամբ, որը հանդես է գալիս տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ:

Մեկնաբանելով «Տաքսիների լիցենզավորման կարգի մասին» օրինագիծը, Դոստուրյանը նշեց, որ, առաջին հերթին, ուղեւորի համար դժվար է նկատել կտրոնը, երկրորդ՝ այն հեշտ է կեղծել: «Այսպիսով, նրանք, ովքեր ցանկանում են օգտվել լիցենզավորված տաքսիստների ծառայություններից, միանգամից չեն կարող նկատել, թե ինչպիսի տաքսի են նստում՝ օրինական, թե՝ անօրինական»,-հայտարարեց նա:

Ներկայումս, ըստ Դոստուրյանի, դեղին համարանիշներ ունեն հանրապետությունում գործող 15 հազար տաքսիների 75 տոկոսը:

Նշենք, որ Հայաստանի կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը օրինագիծ է մշակել, որը ենթադրում է տաքսիների դեղին համարնիշների փոխարինում կտրոններով, նաեւ ամենօրյա պարտադիր տեխզննության (պրակտիկորեն դա անհնար է) դրույթի վերացում: «մենք կողմ ենք տեխզննությանը, հատկապես անհատական տաքսիների վարորդների դեպքում, որոնց մեքենաները 20 եւ ավելի տարիք ունեն եւ նրանք չպետք է նման մեքենաներով ծառայություն մատուցեն: գոնե ամիսը 1-2 անգամ տեխզննումը պետք է, մենք դրան պատրաստ ենք»,-հայտարարեց Դոստուրյանը: