Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ` մարտի 16-ի երեկոյան այցելել է Ազատության հրապարակ եւ հանդիպել նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հովհաննիսյանն ու ԱԺ նախագահը մի քանի րոպե զրուցել են վրանի տակ, ապա Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Փորձելու ենք ամեն ինչ անել, որ հարցերին տրվեն ճիշտ լուծումներ»,- նշել է Աբրահամյանը: հարցին, թե «Ժառանգության» առաջնորդին այցելելու է արդյոք նախագահ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Ես որեւէ բան չգիտեմ»: Նա նաեւ նշել է, թե հանդիպման ընթացքում լսեց պարոն Հովհաննիսյանի մտահոգությունները, եւ դրանք անպայման կփոխանցի նախագահին: Հովիկ Աբրահամյանը նշել է, թե իրենք քննարկելու են բոլոր ողջամիտ առաջարկները եւ կանեն իրենցը: Համենայն դեպս, նա նշեց, թե ողջամիտ առաջարկ չի համարում ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու, ինչպես նաեւ Ազգային Ժողովը ցրելու եւ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու առաջարկը:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր առաջարկները անելու: Պարոն Հովհաննիսյանին 539 հազար քվե են տվել, մենք հարգում ենք այդ քաղաքացիների տված քվեն եւ ամեն ինչ անելու ենք, որ երկրի համար խնդիրներ չլինեն»,- նշեց նա, իսկ «Ժառանգության» առաջնորդի «միայն իմ դիակի վրայով կերդվեն» արտահայտության վերաբերյալ նշեց, թե դա անընդունելի վերջնագիր է: