Մարտի 15-ի երեկոյան դիմակավոր երեսուն անձինք մտել են Սամարայի Կիրովի թաղամասի սրճարաններից մեկը եւ ցուցադրաբար ջարդուփշուր արել ամեն ինչ: Ընդ որում, հարձակվողները այցելուներին ձեռք չեն տվել, տուժածներ չկան:

«Հարձակումը տեղի է ունեցել ժ. 20:00-ից հետո: Դիմակավոր անհայտ անձինք մտել են սրճարան եւ սկսել ավերել շուրջբոլորն ամեն ինչ: Ըստ նախնական տվյալների` նրանք 30-ն են եղել: Գործողությունը երկար չի տեւել, դրանից հետո դիմակավորները փախել են մեկ կամ մի քանի «Գազել» մեքենաներով», - հայտնել են ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ներկայումս դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ սրճարանի աշխատակիցները ոչ միայն չեն խոչընդոտել հարձակվողներին, նույնիսկ ոստիկանություն չեն կանչել: Ոստիկանություն զանգահարել է  այցելուներից մեկը: 

Մինչդեռ սրճարանոմ տեղադրված է հատուկ ահազանգի կոճակ` նման իրավիճակների համար: Թե ինչով է բացատրվում աշխատակիցների նման անվճռականությունը, դեռ պարզ չէ: