Երեկ Ազատության հրապարակում կայացավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, որը բեկումնային կարող էր լինել վերջին շրջանի մի քանի կարեւոր իրադարձություններից հետո: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։
«Երեկվա հանրահավաքն առաջինն էր Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ հայտարարելուց, Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցից, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի` Րաֆֆիին ուղղված խրատական կոչից, ԵԺԿ նախագահ Մարթենսի` ոչ պակաս անցանկալի հայտարարությունից հետո: Այսինքն` երեկվա հանրահավաքը կարող էր դառնալ, ինչպես ընդունված է ասել, հանգրվանային` շարժման հեռանկարի տեսանկյունից: Սակայն դա տեղի չունեցավ: Ընդհանրապես հանրահավաքի մասնակիցների քանակը հանրահավաքի «արդյունավետության» գնահատման ոչ միակ, սակայն կարեւոր չափանիշներից մեկն է: Դրանով է պայմանավորված նաեւ մեկ այլ կարեւոր չափանիշ, որը պայմանականորեն ընդունված է անվանել` «հանրահավաքային էներգետիկա»: Եվ մեկը, եւ մյուսը երեկվա հանրահավաքում բացակայում էին: Րաֆֆին դեռեւս չի գտել բողոքի ալիքը լիրիկայից քաղաքական պայքարի վերածելու բանաձեւը: Ու ամենացավալին այն է, որ այդ բանաձեւի որոնման համար նա ծախսում է ոչ միայն հազարավոր մարդկանց հավատի ու սպասման, այլ նաեւ սեփական առողջության պաշարները»,- գրում է «168 ժամը»։




























