Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցից, որտեղ «սուր կոնյուկտիվիտ» ախտորոշմամբ մեկ շաբաթ է անցկացրել։
Հիվանդասենյակում Բեռլուսկոնիի շուրջը հավաքվել էին նրա կուսակիցները ՝ «Ազատության ժողովուրդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ռազմավարությունը քննարկելու։
Հանգստյան օրերը քաղաքական գործիչն անցկացնում է իր վիլլայում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Բեռլուսկոնին չի մասնակցի Իտալիայի նորընտիր խորհրդարանի նիստին, թեեւ փետրվարյան արտահերթ ընտրությունների արդյունքում նա ընդգրկվել է հանրապետության սենատի նոր կազմում։
Միաժամանակ անչափահաս մարմնավաճառների ծառայությունից օգտվելու մեղադրանքով Բեռլուսկոնիի դատավճռի կայացումը հետաձգվում է։ Գործը վարող դատավորները երեք անգամ անկախ բժշկական հանձնաժողով են ուղարկել, որը հաստատել է, որ Բեռլուսկոնիի առողջական վիճակը նրան թույլ չի տալիս դատարան ներկայանալ։ Դատարանի հետագա նիստերը նշանակված են մարտի 18-ին, 20-ին, 21-ին եւ 25-ին։




























