Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Շվեդիա անցավ տհաճ միջադեպերի ուղեկցությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝  թուրքերի համար առաջին տհաճ հանգամանքն այն էր, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը համընկավ 2 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման օրվան։  Իսպիրյանը նշեց, որ Գյուլի այցի ժամանակ շվեդահայ համայնքը հետաքրքիր բողոքի ակցիա էր իրականացրել՝ վարձելով փոքր չափի օդանավը, որը պտտվում էր օդում եւ պահում «Թուրքիա, ընդունիր 1915-ի Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառը։

«Գյուլի այցի առաջին օրը մահացել էր Շվեդիայի թագավորի ազգականներից մեկը։ Թուրքիայի նախագահին Շվեդիայի թագավորական պալատ ուղեկցելու ժամանակ շվեդ ոստիկաններից մեկը մոտոցիկլետը կայանելու ժամանակ ընկել է ջրանցքը եւ հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ մահացել։ Երբ Գյուլը ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում, շենքի դիմաց հավաքված հայերը բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում։

Ստոկհոլմի քաղաքապետարան այցի ժամանակ Գյուլի առաջն են դուրս գալիս PKK-ի կողմնակիցների 50 հոգանոց մի խումբ՝ վանկարկելով հակաթուրքական կարգախոսներ, իրենց ձեռքերում պահելով Օջալանի նկարները եւ PKK-ի դրոշները։ Գյուլի պատվին Grand Hotel հյուրանոցում կազմակերպված երեկույթի ժամանակ եւս միջադեպ էր գրանցվել, երբ հյուրանոցի մոտակայքից հայտնաբերել էին պայթուցիկ նյութերով պայուսակ»,-նշեց թուրքագետը՝ շեշտելով, որ այս ամենի արդյունքում Գյուլի Շվեդիա այցը կարելի է ձախոված համարել։