Մարտի 15-ին ԼՂՀ ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի եւ գումարտակների հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բանակի ռազմական խորհրդի հերթական նիստ՝ նվիրված զորքերի ամենօրյա ծառայողական-մարտական գործունեության բարոյահոգեբանական ապահովման եւ զինվորական կարգապահության վիճակի քննարկմանը: Նիստը վարում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաձայն աշխատակարգի՝ քննարկվող թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես եկավ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Անդրադառնալով ոլորտում իրականացվող գործընթացների ներկա վիճակին, բանակի փոխհրամանատարը մանրամասն ներկայացրեց զորքերի ամենօրյա ծառայողական-մարտական գործունեության բարոյահոգեբանական ապահովման եւ զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքների համալիրը, խոսեց առկա ձեռքբերումների եւ դեռեւս գոյություն ունեցող որոշ թերացումների մասին: Զեկույցի ընթացքում հատուկ շեշտադրում կատարվեց անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության կատարելագործման, ներզորամասային կարգապահության բարձրացման, միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդման, բանակ-հասարակություն կապերի խորացմանն ուղղված գործընթացների ճիշտ եւ նպատակային կազմակերպման վրա եւ դրանց հետագա բարելավման ուղղությամբ կատարեց կոնկրետ առաջարկություններ:

Այնուհետեւ քննարկվող թեմայի շուրջ հարակից ելույթներով հանդես եկան մի շարք զորամասերի հրամանատարներ, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներ ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողներն ըստ ուղղությունների անդրադարձան զորքերում իրականացվող ուսուցման եւ դաստիարակության, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, անձնակազմի շրջանում անհատական-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելման, զինվորական հանցագործությունների առաջացմանը նպաստող պատճառների վերհանման եւ այլ հիմնախնդիրների:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը: Կարեւորելով քննարկվող թեմայի հրատապությունը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց բանակում իրականացվող բարոյահոգեբանական եւ դաստիարակչական աշխատանքների ճիշտ ու նպատակային կազմակերպման վրա՝ ընդգծելով, որ կարգապահ եւ բարոյահոգեբանական վեհ հատկանիշներով դաստիարակված զինվորը բանակի մարտունակության թիվ մեկ երաշխիքն է: