NEWS.am-ի հարցազրույցը լիտվացի պատգամավոր,  Լիտվա-Արցախ բարեկամության նախձեռնող խմբի անդամ Ալգիս Կոշետայի հետ։

Պարոն Կոշետա, ինչպե՞ս եք գնահատում  Լիտվա-Արցախ բարեկամության խմբի հասցեին Ձեր գործընկերների ոչ այնքան սիրալիր արտահայտությունները։

Ցանկացած քաղաքական գործիչ, ինչպես նաեւ Լիտվայի ցանկացած քաղաքացի, սեփական կարծիքի իրավունք ունի։ Եվ եթե Լիտվայի քաղաքական գործիչների մի մասն այլ կերպ է մտածում, ապա դա նրանց իրավունքն է։ Ես հարգում եմ սեփական կարծիք ունենալու նրանց իրավունքը։ Պարզապես մեր տեսակետները չեն համընկնում. Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե Լիտվա-Արցախ բարեկամության խմբի գոյությունը կխանգարի մեր երկրի արտաքին քաղաքականությանը, սակայն մենք այդ կարծիքին չենք։ Բարեկամության խմբի ստեղծման նախաձեռնությունը Սեյմի ութ պատգամավորներինն է, սակայն հիմա խմբում արդեն 12 պատգամավոր է ընդգրկված։

Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, թե իբր Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամներին կաշառե՞լ են։

Մեղադրանքների առնչությամբ. շատ ափսոս, որ նման մեղադրանքներ են առաջադրվում։ Շատ ափսոս, որ որոշ երկրներ նման փորձ ունեն եւ կարծում են, որ այլ երկրներն ու քաղաքական գործիչները կարող են կաշառվել։  Պարզապես նրանք իրավիճակն իրենց  չափանիշներով են գնահատում։ Ես պարզապես չեմ ցանկանում դա մեկնաբանել։

Ձեր որոշ գործընկերներ հայտարարել են, որ խմբի անդամների կեսը անտեղյակ են ղարաբաղյան հիմնախնդրի բնույթից։

Դե, դա ճիշտ չէ։ 1988, 1990-ական թվականներին  ղարաբաղյան հարցը սուր էր դրված Խորհրդային Միությունում, եւ ներկայիս քաղաքական գործիչները դեռ այն ժամանակից են ծանոթ հակամարտության էությանը։

Մենք լավ ենք հիշում այդ դեպքերը, եւ այն ժամանակ «Սայուդիս» շարժումն աջակցում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։  Շարժումը Ղարաբաղի ժողովրդին աջակցող հեռագրեր էր ուղարկում ոչ միայն իր հավաքներից, այլեւ Մոսկվայում կայացած առաջին խոշոր համագումարից։ Այնպես որ, միամտություն կլիներ կարծել, թե լիտվացիները ծանոթ չեն  Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։

Ձեր կարծիքով, Սեյմը ինչպես կարձագանքի Ադրբեջան-Լիտվա  բարեկամության խմբի՝ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ձեւավորման հետ կապված բողոքին եւ խմբի գոյության դադարեցման պահանջին։

Դա անհնար է։ Լիտվան ժողովրդավար երկիր է, եւ ժողովրդավարական եղանակով ընտրված խորհրդարանն ու Սեյմի պատգամավորները խորհրդարանի կանոնադրությամբ են գործում եւ Սահմանադրությանը, ինչպես նաեւ իրենց խղճին  համապատասխան ։ Յուրաքանչյուրն իր դիրքորոշումը եւ այս կամ այն հարցի շուրջ իր հայացքներն ունենալու իրավունք ունի, եթե դա չի ոտնահարում մյուսների իրավունքները։ Մեր նպատակը ԼՂՀ ժողովրդին օգնելն է։

Պարզապես, հավանաբար նրանք չեն գիտակցում, որ ժողովրդավար երկրում մարդիկ իրենց կարծիքն ունեն, եւ պարտադիր չէ, որ լիտվացի քաղաքական գործիչների հայացքներն ընդունելի լինեն այլ երկրների քաղաքական գործիչների համար։

Ինձ, օրինակ, դուր չեն գալիս ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները՝ Լիտվայի եւ լիտվացիների մասին ոչ սիրալիր արտահայտությունների համար։

Սակայն մենք Դումայից կամ ՌԴ-ից ոչինչ չենք պահանջում եւ ըմբռնումով ենք մոտենում։ Մեր կողմից ոչ մի բուռն արձագանք չի եղել, մեզ մոտ եվրոպական ավանդույթներ են եւ այլ երկրում կատարվող գործընթացների ընկալունակություն։ Կարծում եմ, որ երբ ադրբեջանցի քաղաքական գործիչները հասունանան, կհասկանան, որ եվրոպացի քաղաքական գործիչները սեփական կարծիքի իրավունք ունեն, որը տարբերվում է իրենց կարծիքից։

Զրուցեց Մարիա Ասատրյանը