Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

«Սպանությունն է բացահայտվում, այդ պատվերը, որ կա, իրեն չի վերաբերում»,- նշեց նա: Փաստաբանն ասաց, որ քննությունը գնում է օբյեկտիվ, Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել հենց պատվերի պարզաբանման նպատակով եւ ասել է, որ պատվերը սխալ են գնահատել, իր առնչությունը դրանում չկա:

Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ քննիչը իրենց ներկայացրել է Վարդան Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը, մասնավորապես, թե ինչի հիման վրա են նրան կալանավորվել, սակայն նա դա չի կարող բարձրաձայնել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Փաստաբանն ասաց, որ առաջնայինը կալանքի փոփոխությունը չէ, այլ մեղադրանքի բնույթի փոփոխությունը, «քանի դեռ այդ մեղադրանքը կա, մարդուն կալանքից չեն ազատի»: «Մեղադրանքը սխալ է, մենք դրա հետ համաձայն չենք»,- նշեց փաստաբանը: Նա համոզմունք հայտնեց, որ իրենք կհասնեն մեղադրանքի փոփոխության:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանին: Դատական նիստը անցել է դռնփակ: Սեդրակյանին կալանավորելու միջնորդությամբ դատարանին էր դիմել ԱԱԾ-ն: Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Սիրունյանը բողոքարկել էր նրա կալանավորվելու որոշումը, ինչպես նաեւ դիմել էր քննիչին` ներկայացնելու մեղադրանքի հիմքը: Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ի դեպ, երկուսն էլ Վարդան Սեդրակյանի բնակարանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնել: