Լոսանջելեսցի երեք կանայք իրենց մեղավոր չեն ճանաչել այն բանում, որ զենք են տարել դպրոց` 17-ամյա աշակերտուհուն վախեցնելու եւ ստիպելու, որ 500 դոլար վճարի մեքենայի վերանորոգման համար, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Նշվում է, որ 37-ամյա Սոնա Կարիլիոյին, 41-ամյա Նորա Թաշչյանին եւ 18-ամյա Գոհարիկ Թաշչյանին  մեղադրանք է ներկայացվել դպրոցի տարածքում հրազեն կրելու համար: Նրանք նշել են, որ դպրոցական աղջիկը նրանց 500 դոլար է պարտք եղել` ավտոճանպարհային պատահարի հետ կապված:

Գոհարիկ Թաշչյանն ու դպրոցական աղջիկն ընկերուհիներ են եղել, եւ միասին գտնվել են Գոհարիկի վարած «BMW» մեքենայում, երբ այն բախվել է ճամփեզրի հենապատին: Աղջիկն առաջարկել է օգնել Գոհարիկին ` վերանորգել մեքենան, որպեսզի նա խնդիրներ չունենա: Սակայն, ըստ ոստիկանների, Գոհարիկն ասել է, որ ինքը չի եղել «BMW»-ի ղեկին եւ որ աղջիկը իրեն գումար է պարտք:

Որոշ ժամանակ անց աղջիկը սպառնալից հաղորդագրություններ է ստացել եւ  միջադեպի մասին հայտնել է դպրոցի ղեկավարությանը: Դպրոցի անվտանգության աշխատակիցները իրավապահներին պատմել են, որ երեք կանայք մեքենայով մոտեցել են դպրոցի տարածքին եւ հարցրել աղջկա մասին, սակայն անվտանգության աշխատակիցները նրանց կանգնեցրել են մուտքի մոտ: Մեքենան ստուգելուց հետո այնտեղ հայտնաբերել են 22 տրամաչափի ատրճանակ:

Բացի հրազեն կրելուց, Նորա Թաշչյանն ու  նրա դուստր Գոհարիկը մեղադրվում են նաեւ աղջկան սպառնալու համար: Թաշչյանը 2007 թ. եւ 2009թ. դատապարտվել է գողության համար:

Երեք կանայք դատարանի առջեւ կկանգնեն մարտի 25-ին: