Կանադայի Քվեբեկ նահանգում երկու բանտարկյալներ ուղղաթիռով փախել են բանտից: Փախուստը տեղի է ունեցել մարտի 17-ի ցերեկը` Մոնրեալից 60 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Սան Ժերմեն բանտում: Բանտարկյալներից մեկին բռնել են, մյուսին փնտրում են:
Իշխանություններն անմիջապես սկսել են որոնողական գործողությունը, որի արդյունքում ուղղաթիռն օդաչուի հետ հայտնաբերվել է բանտից 85 կմ հեռավորության վրա, սակայն բանտարկյալները փախել էին: Օդաչուն ձերբակալվել էր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուղղաթիռն առեւանգվել էր տուրիստական ընկերությունից:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր երեք մարդու ձերբակալման մասին, որոնց շարքում եղել էր փախած բանտարկյալներից մեկը: Երկրորդի որոնումները շարունակվում են:
Երկու փախած բանտարկյալներն են 36-ամյա Բենջամին Յուդոն Բարբոն եւ 33-ամյա Դեննի Պրովանսալը: Երկուսն էլ փախուստի ժամանակ վիրավորվել են: Մինչեւ բռնվելը Յուդոն Բարբոն զանգել էր տեղի լրատվամիջոցներին եւ հայտնել, որ «պատրաստ է մեռնել»:




























