Մեծ թատրոնի բալետմեյստեր Սերգեյ Ֆիլինն իր ցուցմունքներում բալետի արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեին անվանել է մահափորձի հավանական մասնակից:
Ըստ «Իզվեստիա» թերթի, որը վկայակոչում է հետաքննությունում իր աղբյուրներին, Ֆիլինը հենց առաջին հարցաքննության ժամանակ նշել է Ցիսկարիձեի անունը, քանի որ պարողն իրեն շանտաժի էր ենթարկում բալետի պարուհի Անժելինա Վորոնցովայի հետ խոսակցության ձայնագրությամբ: Ըստ բալետմայստերի` ուղղակի սպառնալիքներ Ցիսկարիձեից չի ստացել, սակայն հարձակումից մեկ ամիս առաջ Ցիսկարիձեն սպառնացել էր ձայնագրությամբ:
Հարցաքննությանը Ցիսկարիձեից բացի Ֆիլինը հիշատակել է նաեւ Պավել Դմիտրիչենկոյին, որն այս գործի գլխավոր կասկածյալն է, եւ բալետի պարախմբի ղեկավար Ռուսլան Պրոնինին: Առաջինն իրեն բացահայտ սպառնացել է:
Ըստ Ֆիլինի ցուցմունքների` հարձակման օրը Ռուսլան Պրոնինն իրեն հարցրել էր, թե դիտելու է նա արդյոք Մեծ թատրոնի ներկայացումը: Ֆիլինը հայտնել էր, որ երեկոյան պատրաստվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն գնալ:
Ավելի ուշ պարզվել էր, որ Ֆիլինի գտնվելու վայրի մասին Պրոնինին խնդրել էր պարզել Դմիտրիչենկոն: Նույն երեկոյան Պրոնինը Դմիտրիչենկոյի հեռախոսին երկու SMS-հաղորդագրություն էր ուղարկել: Առաջինում ասվում էր. «Ֆիլինը եկավ, արի արհմիության հարցով»: Իսկ երկրորդում հաղորդվում էր, որ բալետի գեղարվեստական ղեկավարն արդեն լքել է թատրոնը:



























