Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստում են հաջորդ նախագահական ընտրություններին: Այս մասին, այսօր` մարտի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հավելելով. «Կամ կա հեղափոխություն, կամ՝ ոչ, կամ հղի ես, կամ՝ էլի ոչ»:

Իսկ, թե ով է պատրաստում Րաֆֆի Հովհանիսյանին հաջորդ նախագահական ընտրություններին, Կարապետյանն ասաց. «Աստված գիտի»:

Նրա խոսքով չի բացառվում, որ իշխանությունները Երեւանի քաղաքապետի ընտրություններում էլ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով խնդիր լուծեն, որ «Ժառանգությունն» ավելի շատ ձայն հավաքի, քան՝ ԲՀԿ-ն: «Եթե նախագահի համար Րաֆֆի Հովհաննիսյանը վտանգ լիներ, նույն Արթուր Բաղդասարյանի պատմությունը կկրկնվեր եւ նրան այնպիսի պաշտոն կառաջարկեին, որ չէր հրաժարվի: Րաֆֆի Հովհաննիսյանը դրական կերպար է, բայց մենակ չէ, նրա հետեւում Արեւմուտք կա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով, իրավիճակն այսպես երկար չի կարող շարունակվել եւ մի օր կպայթի: «Հեղափոխությունը դաժան բան է, ոչ թե բարեւ, բարեւ կարմիր արեւ: Ինչպես նաեւ սխալ է, որ ստավկան դնում են գյուղերի բնակիչների վրա: Պետք է դնեն հենց Երեւանի բնակչության վրա: Ես ինքս Ազատության հրապարկում եղել եմ, բայց երբ լսեցի, որ նախագահականում Րաֆֆին ասել է, որ առանց լրագրողների հանդիպումը լինի, թողել գնացել եմ»,- նշեց Տիգրան Կարապետյանը:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ հացադուլը արդյունավետ տարբերակ չէ, բայց չբացառեց, որ կրկին կայցելի Ազատության հրապարակ: Տիգրան Կարապետյանին դուր չի եկել նաեւ, որ դաշնակցականները կանգնել են Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: «Մենք գիտեն, թե ովքեր են դաշնակները: Միգուցե դրա համար էլ պակասել է ժողովուրդը: Դա իշխանությունների խաղն է»,-համոզմունք հայտնեց ԺԿ նախագահը: