Երկու օր առաջ Լոռիի մարզում դեղորայքային թունավորումից մահացած Վարոս Գրիգորյանը նախնական տվյալներով ինքնասպան է եղել: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց մահացածի հարազատներից մեկը, նշելով, որ նա այդ կերպ ցանկացել է վերջ տալ իր կյանքին: Վարոս Գրիգորյանը բնակվում էր մարզի Ձորագյուղ համայնքում, ուներ 2 անչափահաս երեխա: Ձորագյուղ համայնքի ղեկավար Ռոբերտ Հովսեփյանն ասաց, որ մահացածը գյուղում մեխանիզատոր էր աշխատում: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վարոս Գրիգորյանն ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Լոռիի մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը, նշելով, որ նա 2010թ-ին եղել է ստացիոնար բուժման մեջ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ մահացածն իր կյանքին վերջ է դրել մկնդեղ օգտագործելու միջոցով:

Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մարտի 17-ին, մահվան ելքով հերթական թունավորումն է տեղի ունեցել Լոռիի  մարզում: Ժամը 14.00-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչություն են զանգահարել եւ հայտնել, որ Լոռիի  մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնում դեղորայքային չարաշահումից մահացել է Ձորագյուղ գյուղի բնակիչ, 33-ամյա Վարոս Գրիգորյանը: Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ Վարոս Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am