ԲՀԿ-ն որոշակիորեն թուլացրեց իր դիրքը, երբ Երեւանի ավագանու ընտրություններում իր համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում նշանակեց Վարդան Օսկանյանին: Այս մասին, այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ դրանով արդեն ակնհայտ է դառնում, որ ԲՀԿ-ն երկրորդ նախագահի (Ռոբերտ Քոչարյանի-խմբ) թիմն է:

«Եթե գյուղերում խորը չվերլուծեն, քաղաքում դա ակնհայտ է»,- ասաց Տիգրան Կարապետյանը, սակայն նշեց, որ երկրորդ նախագահը խելացի է չի փորձի վերադառնալ, քանի որ շատ լավ գիտի, որ ժողովուրդը ոչինչ չի մոռացել:

Տիգրան Կարապետյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը կզբաղեցնի «Ժառանգությունը»:

Նա տեղեկացրեց, որ իր Ժողովրդական կուսակցությունը, ոչ միայն չի մասնակցելու քաղաքապետի ընտրություններին, այլեւ որոշել է հեռանալ քաղաքականությունից, քանի որ վերջին ընտրություններից հետո համոզվել է, որ ժողովուրդը կախյալ վիճակում է:

«Իրոք ցավում եմ Րաֆֆիի համար: Քիչ ա մնում գնաս նստես կողքը: Ժողովուրդը պետք է գնա, նրան դնի ձեռքերի վրա ու տանի Բաղրամյան 26»,- նշեց Տիգրան Կարապետյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ին, նա հռետորական հարց ուղղեց, թե ո՞ւր է հիմա ՀԱԿ-ը եւ ընդգծեց, որ ինչքան էլ անուններ փոխվեն, միեւնույնն է ղեկավար կորիզը ՀՀՇ-ն է: