Առաջիկա օրերին հնարավոր ցրտահարությունների հետ կապված բնակչության շրջանում տարածվող մտավախությունները հիմք չունեն. մոտակա օրերին Արարատյան դաշտավայրում զրոյից ցածր ջերմաստիճան չի սպասվում։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է «Հիդրոմետ» ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը:
Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների ու արձագանքման միջոցառումների մասին: Ս. Ազարյանը նաեւ տեղեկացրել է, որ բոլոր մարզերում ջրածածկումների թեմայով ուսումնավարժություններ են անցկացվել։
Ճապոնիայի զարգացման միջազգային գործակալության հետ համատեղ սկիզբ է դրվում սողանքների կառավարման նոր ծրագրի։ Շաբաթվա ընթացքում ճապոնացի մասնագետները հանդիպումներ կունենան տեղացի գործընկերների հետ` քննարկելու ծրագրի հիմնական ուղղությունները։
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ պատրաստվել է երկրաքիմիական հորատանցքերի վերազինման ծրագրի նախագիծ։ Անցած շաբաթ ՍՊԾ մասնագետներն այցելել են Գառնիի դիտարան, որտեղ մանրամասն ուսումնասիրության են ենթարկել այնտեղ առկա 3 հիմնական սարքերի վիճակը եւ կազմել եզրակացություն, որը պիտի ուղարկվի Մոսկվա` ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետներին, որոնք էլ ժամանակին նախագծել եւ տեղադրել են նշված սարքերը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ԱԻ նախարարության վարկանիշի բարձրացման հետ միաժամանակ` հանրապետության տարբեր ԲՈՒՀ-եր ցանկություն են հայտնում երկարատեւ պայմանագրեր կնքել նախարարության հետ` իրենց ուսանողների ուսումնական պրակտիկան ԱԻՆ-ի համակարգում կազմակերպելու համար։
Անդրադառնալով խոհրդակցության օրակարգի մյուս հարցերին` նախարար Ա. Երիցյանը հանձնարարել է սերտացնել համագործակցությունը ԼՂՀ փրկարար ծառայության հետ` օժանդակելով կադրերի վերապատրաստման եւ տեղում ճգնաժամային կառավարման կենտրոն հիմնելու գործում։


























