Երկրում իրավիճակը չափազանց բարդ է, անհասկանալի է, թե ինչպես է կայանալու գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, հայտնի չէ, թե ինչ դիրք է գրավելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ ամենից կրկին տառապելու է ժողովուրդը: Այդ մասին, այսօր՝ մարտի 18-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեր Րաֆֆի Հովհաննիսյանը, գլխավոր կոմունիստը պատասխանել է. «Նա պետք է գնար զանգվածային համաժողովրդական ակցիաների, որ միավորեր ողջ հայ ժողովրդին: Ինձ համար անընդունելի է նաեւ արտահայտությունը, թե միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կանցնի իր պարտականությունների կատարմանը: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին խելացի մարդ եմ համարում, նա հենց այնպես ոչինչ չէր ասի: Ես մտավախություններ ունեմ այդ կապակցությամբ»:

Թովմասյանը նշել է, թե կոմկուսն ուշադիր հետեւում է ներքաղաքական պրոցեսներին: «Ես հավանական չեմ համարում Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, քանի որ այդ հանդիպումը կարող է բազմաթիվ գաղտնիքներ բացահայտել»,- ընդգծել է Ռուբեն Թովմասյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am