«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը այսօր՝ մարտի 18-ին, փորձել է ընթերցել Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված թեական նամակը, սակայն դա նրան թույլ չեն տվել: Մինչ նիստն սկսելը, օգտվելով պատգամավորներին ընձեռնված հայտարարություն անելու իրավունքից, նա փորձել է ընթերցել նամակ` ուղղված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատել է նրա ելույթը` նշելով, որ հայտարարությունը չի վերաբերում քննարկվող թեմային: Սակայն Փոստանջյանը շարունակել է ընթերցել նամակը, արդյունքում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրահանգել է անջատել խոսափողը:

ԱԺ ընթացակարգի համաձայն՝ 10 րոպե անց Զարուհի Փոստանջյանը խոսելու հնարավորություն է ստացել եւ կրկին սկսել ընթերցել վերոհիշյալ նամակը: Նույնիսկ բարձրախոսը անջատելու պարագայում Փոստանջյանը շարունակել է Հովիկ Աբրահամյանի խոսքին զուգահեռ ընթերցել այն: Հունից դուրս եկած ԱԺ նախագահն ասել է. «Միացրեք Մանվել Բադեյանի հեռախոսը, կներեք` խոսափողը»:

Մանվել Բադեյանն իր հերթին պահանջել է, որ նիստը խանգարողին հեռացնեն դահլիճից կամ էլ ինքը կհեռանա, ինչին հաջորդել է Հովիկ Աբրահամյանի հորդորը` չխանգարել ԱԺ նիստը: Զարուհի Փոստանջյանն առայժմ ԱԺ նիստերի դահլիճում է:

Նշենք, որ նամակում, իբր, Սերժ Սարգսյանն ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, Ազատության հրապարակի ոգին ու օրակարգը, եւ հայցում է Րաֆֆի Հովհաննիսյանի ներումը: