Քաղաքացիական խորհրդի բաց նիստերը կշարունակվեն, այսօր այն կվարի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, վաղը այն կվարի Կարապետ Ռուբինյանը, չորեքշաբթի` Ժիրայր Սեֆիլյանը, հինգշաբթի` Արմեն Մարտիրոսյանը: Այս մասին այսօր` մարտի 18-ին,  Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ուրբաթ օրը տեղի կունենա հայ ժողովրդի հաղթական հանրահավաքը, շաբաթ օրը` ռոք համերգ: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը ներկա կլինի քաղաքացիական խորհրդի բոլոր նիստերին, պատրաստ է լսել բոլոր առաջարկները, զեկույցները, գնահատակնները, ինչպես նաեւ անունների առաջարկները: Քաղաքացիական խորհրդի առաջին 10 նիստից հետո ինքը կամփոփի նիստերը, կվերլուծի եւ մոտեցումներ կներկայացնի:

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում մեկնարկած ստորագրահավաքին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ստորագրահավաքն ինքը չի նախաձեռնել, ՀՀ քաղաքացիներն են նախաձեռնել, արդեն 10 հազար մարդ ստորագրել է, եւ եթե մարզերում էլ այն շարունակվի, դրանց թիվը կավելանա: «Սա քաղաքացիական նախաձեռնություն է` ցույց տալու համար, որ պաշտոնական կեղծված արդյունքները որեւէ աղերս չունեն ժողովրդի քվեի հետ»,- նշեց նա:

Այսպիսով, ամեն օր ժամը 17.00-ին կկայանա Քաղաքացիական խորհրդի բաց նիստ, իսկ ամեն օր ժամը 12.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am