«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին եւ բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2013թ. գարնանային դասընթացին եւ պեղումների գործաշրջանին, որը կմեկնարկի 2013թ. մայիսի 4-ից:

«Էրեբունի» արգելոց-թանգարանից հայտնում են, որ տեսական պարապմունքների տեւողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Այնուհետեւ 2 շաբաթ տեւողությամբ գործնական պեղումները կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, վարձավճարը նախատեսում է նաեւ պեղումների համար անհրաժեշտ գործիքների եւ պարագաների տրամադրում յուրաքանչյուր մասնակցի:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության եւ հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ եւ նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաեւ հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2013թ. ապրիլի 20-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան եւ այլն/, մշտական բնակության վայրը եւ հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձեւաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am:

Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ /ք. Երեւան, Էրեբունի փող. 38/ կամ [email protected] էլ. փոստով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 43 89 53 հեռախոսահամարով /Հասարակայնության հետ կապերի եւ հանրահռչակման բաժին/ կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով: