Մադոննան Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական  ճառով է հանդես եկել  Pussy Riot խմբի աղջիկներին հետապնդելու համար:  GLAAD Media Awards-ի ԼԳՏՊ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին կարծիք է հայտնել, որ Պուտինը չէր հրաժարվի այդ աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալուց:

Մադոննան եկել էր սկաուտի հագուստով եւ մրցանակ էր հանձնում  հեռուստահաղորդավար Անդերսոն Կուպերին: «Եթե նախագահ Պուտինը նույն խցում նստեր Pussy Riot-ի հետ (հավանաբար նա կցանկանար նրանց բոլորի հետ սեռական հարաբերություններ ունենալ), նրանց հետ երկխոսության մեջ մտներ, լսեր նրանց տեսակետը` որպես ժամանակակից Ռուսաստանի երիտասարդ ստեղծագործող կանանց, թույլ կտա՞ր նա արդյոք  նրանց բանտարկել երեք տարով: Մտածեք այդ մասին, այդ ամենը պարզապես խելագարություն է: Եվ այդ ամենը միայն կառավարությանը քննադատելու համար», - ասել է Մադոննան:

Նա նաեւ հիշատակել է Սանկտ Պետերբուրգում իր ելույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալը: Ըստ Մադոննայի` 85 մարդ էր ձերբակալվել իր համերգից առաջ եւ հետո: Նա Ռուսաստանում կատարվածն անվանել է  անհեթեթություն եւ նշել, որ չի կարելի նույնասեռականներին հալածելիս քողարկվել Աստծո անունով, քանի որ Հիսուսը սովորեցնում էր սիրել բոլորին, գրում է NEWSru.com-ը:

Սկաուտի զգեստ Մադոննան հագել էր ի նշան  բողոքի, որ սկաուտական կազմակերպությունը հրաժարվում է  իր շարքերում ընդգրկել  նույնասեռականներին: Երգչոհին սկաուտներին նաեւ հիշեցրել է իր անձնական հաշիվները, քանի որ իրեն կազմակերպությունից հեռացրել էին շատ կարճ կիսաշրջազգեստի պատճառով:

GLAAD Media Awards մրցանակաբաշխությունը 1990թ.-ից սկսած  ամենամյա մրցանակներ է հանձնում Գեյերի եւ լեսբուհիների դաշինքին (Gay and Lesbian Alliance Against Defamation), այն մարդկանց, ովքեր  ավանդ են ունեցել նույնասեռական մշակույթի զարգացման գործում, սեռական փոքրամասնությունների խնդիրներն օբյեկտիվորեն լուսաբանող լրատվամիջոցներին, ինչպես նաեւ ԼԳՏՊ իմիջն ամրապնդող ֆիլմերին, սերիալներին եւ հաղորդումներին: