«Ժառագություն» կուսակցությունում մամուլից են տեղեկացել իրենց խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կողմից տարածված նամակի մասին: Կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ նամակից: «Դա իր անձնական նախաձեռնությունն է, կուսակցության նախաձեռնությունը չէ, կուսակցությունում չի քննարկվել, տեղեկացել ենք մամուլից»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ չգիտի` Րաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ է Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունից, թե ոչ
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի նամակը տարածվել է [email protected] հասցեից:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն այսօր ԱԺ-ում ամեն կերպ փորձում էր ընթերցել այս նամակը, որը վերնագրված է «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին»: Դրանում, մասնավորապես, նշված է.
«Սիրելի´ Րաֆֆի, փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ եւ սխալ որոշումը քաղաքականության մեջ եւ առօրյա կյանքում: Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»: Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ: Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ: Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը: Ամեն օր հետեւում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը: Տեսնում եւ զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են եւ դու էլ ես սիրում: Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը: Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես եւ հավաքական: Սիրելի´ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական եւ միասնական հաղթանակը: Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին եւ օրակարգը:
Անկեղծ եւ անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլեւս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից: Ապրիլի 9-ին Ազատության եւ Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ եւ բոլորիս»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























