Բարդ է պատկերացնել, թե ինչով կարող է ավարտվել հետընտրական իրավիճակը երկրում: Այդ մասին մարտի 18-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե ինչ զարգացումների կարող է հանգեցնել երկրում ձեւավորված հետընտրական իրավիճակը:
«Չկա գործողությունների հստակ պլան, իսկ իրականացվող քայլերն անտրամաբանական են»,- ասել է Ջհանգիրյանը` նկատելով սակայն, որ մտադիր չէ խորհուրդներ տալ, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ անդամ չէ, իսկ խորհուրդներ տալը անշնորհակալ գործ է:
«Եթե ՀԱԿ-ը լիներ Ազատության հրապարակում ընթացող գործողությունների ղեկավարը, ես կարող էի գնահատականներ տալ»,- նշել է Ջհանգիրյանը:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին, Ջհանգիրյանը նշել է. «Երբ ես նստած էի մենախցում, իսկ իմ քաղբանտարկյալ գործընկերները հացադուլ էին անում, երբեք չեմ միացել այդ ակցիային: Դա շատ թույլ քաղաքական քայլ է քաղաքական պայքարի պրոցեսում: Առավել եւս, պաշտոնական տվյալներով բնակչության 36 տոկոսը աղքատության շեմին է եւ թերսնվում է, ես հացադուլ հայտարարելու մեջ իմաստ չեմ տեսնում»:
Հարցին, թե մտադի՞ր է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կոչ անել դադարեցնել հացադուլը, Ջհանգիրյանը պատասխանել է, թե նման բարոյական իրավունք չունի, քանի որ նրա թիմի անդամ չէ. «Մեր խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են նրան եւ, կարծում եմ, նույնիսկ կոչ են արել դադարեցնել հացադուլը»:




























