Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն կարծում է, որ ապրիլի 19-ին «Միասնական ազային շարժման» ծրագրած ակցիան նախկին իշխող կուսակցության քաղաքական կյանքում վերջինը կլինի:
«Ասավալ Դասավալի» թերթի հետ հարցազրույցում նախկին նախագահ Շեւարդնաձեն նաեւ մեկնաբանել է նախագահի կողմից կառավարությունը ցրելու հնարավորությունը եւ նշել, որ «նախագահն այդ քայլին չի դիմի, քանի որ այդպիսով «կթաղի» ոչ միայն իրեն, այլեւ իր «Միացյալ ազգային շարժումը», հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
«Վստահեցնում եմ ձեզ, որ Սահակաշվիլին արդեն այն քաղաքական գործիչը չէ, որը կարող է ազդել Վրաստանում քաղաքական գործընթացների վրա: Ես բազմիցս ասել եմ, որ չեմ ցանկանում խոսել նրա մասին, սակայն նրան եւս մեկ խորհուրդ կտամ՝ միգուցե, լավ մտածես եւ հեռանաս», - Սահակաշվիլիին է դիմել Շեւարդնաձեն:




























